Աստվածաշունչը մեկն է և պատկանում է Քրիստոնեական բոլոր Եկեղեցիներին: Կան Աստվածաշնչի տարբեր թարգմանություններ և տարբեր տպագրություններ:
Հայաստանի Աստվածաշնչյան Ըընկերությունը (ՀԱԸ) հրատարակում է երկու թարգմանություն: Դրանցից մեկը կոչվում է «Էջմիածին», մյուսը՝ «Արարատ»: «Էջմիածին» թարգմանությունը կատարվել է գրաբարից, իսկ գրաբար թարգմանությունը 5-րդ դարում կատարվել է մասամբ ասորերենից (Պեշիթո) և հիմնականում՝ հունարեն Յոթանասնից թարգմանությունից:«Արարատ» թարգմանությունը կատարվել է 19-րդ դարի վերջին, արարատյան բարբառով:
Այդ պատճառով էլ կոչվում է «Արարատ»: Այն կոչվում է նաև Շուշիի թարգմանություն:
«Էջմիածին» թարգմանությունը կատարվել է 1985-1991 թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այդ պատճառով էլ կոչվում է «Էջմիածին»:
Այս թարգմանությունը կատարվել է Երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի հանձնարարությամբ և Եզնիկ արք. (այն ժամանակ՝ Եզնիկ քահանա) Պետրոսյանի ղեկավարությամբ, այն ժամանակվա Հայաստանի լավագույն հայագետների կողմից (Լևոն Տեր-Պետրոսյան, Անդրանիկ Զեյթունյան, Արամ Տեր-Ղևոնդյան, Արշալույս Ղազինյան, Պողոս Խաչատրյան, Պարգև Շահբազյան, Երվանդ Մելքոնյան, Հակոբ Քեոսեյան և այլն):
«Էջմիածին» թարգմանությունն առաջին անգամ լույս է տեսել 1994 թ. և ապա պարբերաբար վերահրատարակվել:2000-2015 թթ.
«Էջմիածին» թարգմանությունը ՀԱԸ-ի կողմից և Եզնիկ արք. Պետրոսյանի ղեկավարությամբ վերանայվել է հիմնովին և Հայ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից ստեղծված Հատուկ Հանձնաժողովի կողմից երաշխավորվելուց հետո հրատարակվել է 2017 թ. «Նոր Էջմիածին» անունով:2000-2017 թթ. ՀԱԸ-ի կողմից հիմնովին վերանայվել է նաև «Արարատ» թարգմանությունը և հրատարակվել է 2018 թ.
«Նոր Արարատ» անունով:Երկու թարգմանություններն էլ օժտված են ժամանակակից արևելահայերեն գեղեցիկ լեզվով և արդի ուղղագրությամբ:
«Նոր Էջմիածին» և «Նոր Արարատ» թարգմանություններն ունեն երկու հիմական տարբերություն.ա. «Նոր Էջմիածին»-ը թարգմանված է գրաբարից, իսկ «Նոր Արարատ»-ը՝ օրիգինալ լեզուներից(Հին Կտակարանը՝ եբրայերենից, Նոր Կտակարանը՝ հունարենից):բ. Հին Կտակարանում «Նոր Էջմիածին»-ը ունի 48 գիրք, «Նոր Արարատ»-ը՝ 39:
«Նոր Էջմիածին»-ում ընդգրկված 9 գրքերը կոչվում են երկրորդականոն: Այս գրքերը, թեև ժամանակին եղել են եբրայերենով և ն. Ք. 3-2-րդ դարերում թարգմանվել հունարենի և ընդգրկվել են Յոթանասնից թարգմանության մեջ, սակայն հետագայում չեն պահպանվել եբրայերեն Սուրբ Գրքի մեջ:
Եվ քանի որ «Արարատ»-ը թարգմանված է եբրայերեն լեզվից, այդ պատճառով էլ երկրորդականոն գրքերը չունի:
Թեև Հայ Առաքելական Եկեղեցու զավակները նախընտրում են ունենալ «Նոր Էջմիածին»-ը, սակայն «Նոր Արարատ»-ը մերժելի չէ: Եվ թեև Հայ Ավետարանական Եկեղեցու զավակները նախընտրում են ունենալ «Նոր Արարատ»-ը, սակայն «Նոր Էջմիածին»-ը մերժելի չէ: