The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

 Անցյալ տարիների փորձառությունը հաստատեց Աստվածաշնչի կարևորությունն ու անհրաժեշտությունը զինվորի կյանքում։ Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը (ՀԱԸ) իր պարտավորությունը համարեց տրամադրել աստվածաշնչյան գրականություն ՀՀ զինված ուժերում (ԶՈՒ) ծառայող հազարավոր զինվորների՝ օգնելով նրանց գտնելու Աստծո ճանապարհը, նեցուկ լինելու դիմացինին, ըմբռնելու կյանքի արժեքը զինվորական ծառայության տարիներին։ Նրանք ունեն իրենց հուզող բազում հարցեր, որոնց պատասխանները վստահաբար կգտնեն Աստվածաշնչում։

ՀԱԸ այս ծրագիրն իրականացրեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության աջակցությամբ հանրապետության տարբեր մարզերում տեղակայված զորամասերում։

 2010-2011թթ․ այս կարևոր ծրագիրը մեկնարկեց ՊՆ վարչությունների բոլոր սպաների մասնակցությամբ եռամսյա դասախոսությունների շարքով, որոնց ընթացքում բաշխվեց 10,000 օրինակ գրպանի կամուֆլյաժ Նոր Կտակարան և Սաղմոսներ։

Վերոնշյալ գրքույկների հրատարակությունն ունեցավ մշտական բնույթ՝ ամեն տարի լույս ընծայելով 8,000 օրինակ, որպեսզի դրանք շարունակաբար բաշխվեն զինվորներին։ Այս հրատարակությունը հնարավոր է դառնում տորոնտոյաբնակ Մուրադ սարկավագ Գարագաշյանի ազնիվ բարերարության շնորհիվ։

2015թ․-ից առայսօր ՀԱԸ այցելել է բազմաթիվ զորամասեր՝ կազմակերպելով Ս․ Գրոց սերտողություններ, ներկա լինելով նորակոչիկների երդման արարողություններին, տարբեր միջոցառումների, զինվորի հետ լինելով դիրքերում և խրամատներում։ Երդման արարողության ընթացքում յուրաքանչյուր նորակոչիկի նվիրվել է գրպանի Նոր Կտակարան։

Այս այցերի արդյունքում զորամասերում կազմակերպվել են հոգևոր ակտիվի խմբեր գնդերեցների վերահսկողության ներքո։

2020-2021թթ․ լուրջ արդյունքների է հասել ՀԱԸ համագործակցությունը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության և գնդերեցների հետ։ Գնդերեցների համար կազմակերպվել են «Հոգետրավմայի ամոքման» սեմինարներ, նրանց տրվել են բանալի գիտելիքներ, լավագույն կերպեվ աշխատելու զինծառայողների հետ։

Կատարվել են այցեր ՀՀ տարբեր մարզերի և ԱՀ զորամասեր և անցկացվել են Սբ Գրոց սերտողություններ, տեղի են ունեցել նաև զրույցներ աստվածաշնչական թեմաներով։ Կազմակերպվել են այցեր գնդերեցների հետ՝ Մուրացանի և Երևանի Կայազորային հիվանդանոցներում և «Իզմիրյան» բուժհաստատությունում պատերազմից տուժած զինվորներին, և նրանց բաշխվել Աստվածաշունչ։

Անցյալ երկու տարիներին ՀԱԸ նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, «Faith Comes by Hearing» կազմակերպությունից ձեռք բերելով Նոր Կտակարանը պատմող աուդիո-սարք, և բաժանել այցելված զորամասերին և գնդերեցներին։

Այցելված զորամասերին և կորպուսների գրադարաններին բաշխվել են` «Աստվածաշունչ», Աուդիո ՆԿ (մեծ և փոքր), «Նոր Կտակարան և Սաղմոսներ», «Նարեկ», «Զինվորի Աստվածաշունչը, ՆԿ ծաղկաքաղ», «Աստվածածնչի պատգամը զինվորներին», «Տոբիթ», «Հովհաննես Աստվածաբան, սիրո Առաքյալը», «Նախանիկիական հայրաբանություն», «Երեխաները կարդում են Աստվածաշունչ», «Սբ Գրոց Բառարան», «Սբ Գրքի գիտելիքների շտեմարան» Ա․ Բ․ Գ․ փուլ:

Կազմակերպվել են նաև այցեր Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի, Վարդենիսի տարածաշրջանի զոհված զինծառայողների ընտանիքներին, և զոհված 17 բժիշկների ընտանիքներին։