Գլխավոր | Բլոգ | Լրահոս | Հերոսները կանչում են մեզ...
2013 Նոյ 27, ՉորեքշաբթիՎեց հարիւր տարւայ ընդմիջումից յետոյ, Հայ Եկեղեցին առաջին անգամ լինելով Եպիսկոպոսաց Ժողով պիտի գումարէր Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։ Հայ Եկեղեցու բոլոր եպիսկոպոսները հրաւիրւել էին։ Հրաւիրւել էինք նաեւ մենք՝ որպէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եպիսկոպոսներ։ Մի քանի օր առաջ էինք եկել Հայաստան, հետեւաբար Եպիսկոպոսաց Ժողովի նախօրէին մի խումբ եպիսկոպոսներով որոշեցինք երկօրեայ մի այցելութիւն տալ Հայաստանի սահմանամերձ գիւղերին, յատկապէս Տաւուշի մարզ։ Անձրեւոտ օր էր, մեքենան տանում էր մեզ «Քայլող Աւետարան»ի ճանապարհով՝ դէպի անծանօթ վայրեր, մեզ համար անծանօթ՝ Տաւուշի մարզի Բերդ քաղաքը, Մովսէսը, Չորաթանը, Չինարին եւ նրանց մօտակայքի վրայ հանգչած Խորանաշատ Վանքը։
Բերդ քաղաքի մէջ մեզ դիմաւորեցին շրջանի հոգեւր հովիւ՝ Տ. Արամ քահանայ Միրզոյեանը, քաղաքապետն ու պատասխանատուները։ Ու տեսանք բարձրացող, գմբէթասլաց եկեղեցին Ս. Գէորգը, որ պիտի համախմբէր շրջանի ժողովրդին իր շուրջ եւ պիտի դառնար նրանց հոգեւոր աղօթքի տունը։
Որքա՛ն հետաքրքրական էր, երբ Մովսէս հասանք. բարձրացանք Ս. Աստւածածին Եկեղեցին։ Հանդիպեցինք Մովսէս քաղաքի դպրոցի աշակերտներին, ուսուցիչներին, պատասխանատուներին։ Մեզ հետ եկող բարձրաստիճան Արքեպիսկոպոսներն իրենց սրտի խօսքն ասացին նրանց, գօտեպնդեցին ներկայ պատասխանատուներին ու ծնողներին՝ կառչած մնալու այդ հողին, այդ հողի տէրը դառնալու, պաշտպանը դառնալ, մեր ժողովրդի արժանապատւութիւնը պահելու...։
Ապա գնացինք Չորաթան։ Դարձեալ մեր առաջին հանդիպման վայրը դպրոցն էր։ Պատասխանատուներ, ուսուցիչներ, ծնողներ եւ աշակերտներ դիմաւորեցին մեզ դպրոցի մուտքին։ Դարձեալ խօսքեր արտասանւեցին ու այդ խօսքերի մէջ շշտեցինք. «Դուք հերոսներ էք, որովհետեւ այս հողի վրայ ապրում էք, գոյատեւում էք։ Ձեր ծնողները հերոսներ են, որովհետեւ ձեզ այստեղ պահում են, այս դպրոցի մէջ քրիստոնէական դաստիարակութիւն եւ հայեցի կրթութիւն են տալիս ձեզ։ Դուք այստեղ հասակ էք ստանում, մեծանում էք, դաստիարակւում էք, գոյատեւում էք եւ պայքարում»։
Աշակերտները մի կարճ գեղարւեստական յայտագիր հրամցրեցին մեզ, ասմունքեցին եւ «Տլէ Եաման» երգեցին եւ այս անգամ իրենք մեզ ներշնչեցին, ոգեւորեցին ու զօրացրին։ Ի վերջոյ հրաժեշտ տւեցինք՝ երթալու այս անգամ Չինարի։
Չինարի քաղաքի մուտքի նահատակների յուշարձանի առաջ աղօթք բարձրացրինք՝ նրանց հոգիների խաղաղութեան համար։ Միաժամանակ մաղթեցինք հերոս ժողովրդին հայկեան կամք եւ լուսաւորչեան հաւատ՝ տոկալու, պայքարելու եւ պաշտպանելու հողը հայկեան։
Ինչպիսի՛ տեսարան էր, երբ հասանք դպրոցի մուտքի մօտ. տեսանք զինւորական հրամանատարը, քաղաքապետը, պատասխանատուները, Տեսչուհին, ուսուցիչներ, մանուկներ, տարեցներ եւ մանաւանդ աշակերտներ։ Այո՜, ինչպիսի՛ տեսարան բացւեց մեր դիմաց. յուզւեցինք բոլորս, երբ տեսանք աշակերտները եռագոյն դրօշակներն իրենց ձեռքին՝ օդի մէջ շարժում էին եւ ասացին. «Մենք պէտք է յիշենք մեր հերոսներին, մեր քաջերին, Անդրանիկին, Գէորգ Չաւուշին եւ ուրիշներին»։ Եւ սկսեցին պարել... Տօնական օր էր իրենց համար. հիւրեր էին եկել. ո՜չ, իրենց հարազատներն էին եկել եւ ուրախ էին։ Առնական կեցւածքով պարում էին, դղրդացնում էին կամքը հայկեան եւ ասում էին՝ «Մենք այստեղ ենք...»։
Եւ ապա զինւորական հրամանատարութեան եւ ապահովութեան ներքոյ բարձրացանք Խորանաշատ Վանքը։ Ինչպիսի՛ ճանապարհ, կարծես տարիներ այդ կողմից մարդ չէր անցել, բայց անցել էին հերոսները...։ Բարձրացանք հպարտութեամբ, բարձրացանք գիտակցութեամբ։ Բարձրացանք աղօթելու սահմանամերձ գիւղերի մէջ ապրող ու շնչող մեր ժողովրդի ապահովութեան համար։ Բարձրցանք Վանքը Խորանաշատ, որ թշնամու դիպուկահարից հազիւ եօթանասուն մետր հեռու էր։ Սակայն բարձրացանք անվախօրէն՝ ասելու շրջանի մեր ժողովրդին, որ մենք ձեզ հետ ենք, ձեր կողքին ենք, աղօթում ենք ձեզ համար։ «Տէ՛ր, ողորմեա՛» ասացինք ու աղօթեցինք, ազգին սէր ու միութիւն, խաղաղութիւն աշխարհին եւ ննջեցեալներին արքայութիւն։
Ինչպիսի՛ անմոռանալի երկօրեայ ճանապարհորդութիւն։ Երկօրեայ ճանապարհորդութիւն, որ մր հաւատն ամրապնդեց, մեզ զօրացրեց։ Մենք մեզ աւելի հայ զգացինք մեր քոյրերով ու եղբայրներով, որոնք ապրում էին Տաւուշի սահմանամերձ այդ գիւղերում։
Մի պահ մտածեցի, ես քանի՛ անգամ եմ Հայաստան եկել։ Ինչո՞ւ անծանօթ շրջան է մնացել ինձ համար, ինչո՞ւ չեմ եկել այցելութեան այս շրջանը հարազատ, ռազմադաշտը մեր ժողովրդի, պահելու, պահպանելու եւ պաշտպանելու մեր հողերը, մեր ժողովրդի արժանապատւութիւնը։ Մի պահ մտացեծի եւ այսօր բարձրաձայնում եմ՝ սիրելի՜ հայրենակիցներ, Հայաստանը միայն Երեւանը, Գեղարդը, Գառնին ու Սարդարապատը չէ՜. Հայաստան է նաեւ Տաւուշի մարզը, սահմանամերձ գիւղերը. այնտեղ ժողովուրդ է ապրում, նրանք պէտք ունեն մեր այցելութեանը, քաջալերանքին, ներշնչանքին՝ պահելու եւ պահպանելու հողը հայկեան։ Նրանք մեզ են կանչում, հերոսներ են նրանք... Գնա՜նք, այցելե՜նք, քաջալերե՜նք, ո՜ւժ ներշնչենք, հաւատ ներարկենք, որպէսզի միասնաբար, ազգովին կարողանանք Հայաստանը ծաղկեցնել, իր իսկական սահմաններով պաշտպանել։
Կանչում են ՀԵՐՈՍՆԵՐԸ. չմոռանա՜նք...։
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ