Գլխավոր | Մեր Ծրագրերը | ԿՈՒՅՐԵՐԻ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Այսօր ՀՀ-ում ապրում են տեսողության խանգարումներ ունեցող շուրջ 12,500 քաղաքացիներ, որոնց մի մասը աչազուրկ է։ Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը (ՀԱԸ) իր «Կույրերի Աստվածաշունչը» բազմամյա ծրագրով փորձում է աջակցել տեսողության խանգարումներ ունեցող մեր քաղաքացիներին՝ նրանց համար տպագրելով աստվածաշնչյան բրայլյան և խոշորագիր գրքեր։
ՀԱԸ ծրագիրը սկսել է 2004թ․։ ՀՀ կույրերի միության նախագահության, տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հ.14 հատուկ դպրոցի տնօրենության և մարզային համայնքների խնդրանքին ընդառաջ գնալով՝ անցած 16 տարիների ընթացքում ՀԱԸ հրատարակել և բաշխել է բրայլյան ու խոշորագիր հետևյալ գրքերը՝ Ղուկասի Ավետարանը, Սաղմոսներ, Հին Կտակարանի պատմություններ, Նոր Կտակարանի պատմություններ, Գործք Առաքելոց, Անմեղ Շուշանը, Հայ եկեղեցու պատմություն, Ծննդոց, Ելք, Թվեր, Տոբիթ, Առակաց, Սիրաք։ Ամեն տարի Աստծո Խոսքը հասել է շուրջ 500 մարդու։
Բոլոր գրքերն էլ մեծ ոգևորությամբ են ընդունվել տեսողության խանգարումներ ունեցող դպրոցականների, մարզերի նույն խնդրով բնակիչների կողմից։ Հիմնվելով այս պահանջարկի վրա՝ մեր նպատակն է շարունակել այս գործընթացը և հարստացնել դպրոցի, ինչպես նաև անհատական գրադարանները, քանի որ հանրապետությունում չկա նմանատիպ մեկ այլ կառույց, որը հետամուտ կլինի աստվածաշնչյան գրքերի այս տեսակ հրատարակությանը։
Խանդավառվելով արդեն ունեցած գրքերից՝ մարդկանց մոտ մեծ ցանկություն է առաջացել ունենալու ամբողջական Աստվածաշունչ, որը հնարավոր կլինի թողարկել միայն աուդիո սարքով։
2020թ․ COVID-19 համավարակի օրերին տեսողության խանգարումներ ունեցողների ընտանիքներին սնունդ, բրայլյան և խոշորագիր գրքեր բաշխելու առիթով ՀԱԸ հնարավորություն ունեցավ բացահայտելու, որ մարզերում ապրող նման խնդրով շատ քաղաքացիներ ծանոթ չեն բրայլյան այբուբենին։
Այս մտահոգությունից ելնելով՝ ՀԱԸ ծրագրել է այս տարի կազմակերպել բրայլյան այբուբենի ուսուցման դասընթացներ, որպեսզի մեր հասարակության այս խավը հնարավորություն ունենա ընթերցելու իրեն տրամադրվելիք բրայլյան Աստվածաշնչերը։ Դասընթացները կանցկացվեն ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերում։
2021թ․ ՀԱԸ ծրագրում է բրայլյան այբուբենով հրատարակել «Դատավորներ», «Ա, Բ Թագավորություններ» գրքերը և իրականացնել դրանց բաշխումը։
«Ես գիտեմ, որ ՀԱԸ հիմնական առաքելությունը Աստծո Խոսքը բոլորին հասանելի դարձնելն է: Ինձ հուզեց համավարակի այս օրերին ՀԱԸ նոր դերում տեսնելը, երբ Արարատի մարզում բնակվող մեր կույր և կարիքավոր 67 ընտանիքներին օգնության ձեռք մեկնեցիք՝ բաժանելով սնունդ և աստվածաշնչյան գրականություն: Նրանցից մեկը Հովիկ Շահգելդյանն է՝ Ստորին Դվին գյուղից, որ 30 տարի է՝ տեսողության կորուստ ունի: Նա քաջալերվեց և իրեն գնահատված զգաց, որ բացի սննդից, ստացավ նաև բրայլյան այբուբենով աստվածաշնչյան գիրք: Հովիկն ատաղձագործ է և տեսողությունը կորցնելուց հետո էլ մնաց կապված իր մասնագիտությանը՝ շարունակելով փայտե իրեր պատրաստել: Շնորհակալություն հայտնելով և շփոթված ժպիտով խոստովանեց, որ հնարավորություն չի ունեցել սովորելու բրայլյան այբուբենը։ «Երբ դու ինձ նվիրեցիր առաջին բրայլյան գիրքը, որը Աստվածաշունչն է, -ասաց նա,- ես պարտավորվեցի սովորել այդ այբուբենը, որպեսզի կարողանամ կարդալ Ս․Գիրքը»: Եվ իսկապես, բրայլյան այբուբենով Աստվածաշնչի առկայությունը այս մարդկանց համար լրացուցիչ խթան կդառնա՝ սովորելու կարդալ բրայլյան տառատեսակով»:
Տեր Եղիշե Նուրիջանյան, Մասյացոտն թեմի հոգևոր հովիվ
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ