The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2018 Հուն 26, Ուրբաթ

Ճիշտ է, որ ուշացած նվեր չի լինում. նվերը անժամանակ է: Մեր ցանկությունն էր անցյալ դեկտեմբերին, իբրև ամանորյա նվեր՝ Աստվածաշնչի բրայլյան «Ծննդոց» գիրքը հասցնել Երևանի հ. 14 դպրոցի տեսողության խանգարում ունեցող աշակերտներին. այնուամենայնիվ նախանշված օրը չկարողացանք: Նվերների հանձնման օրը տեղի ունեցավ ս.թ. հունվարի 26-ին՝ դպրոցում... Բացատրեցինք ուշացման պատճառները, 6-րդ դասարանի աշակերտ՝ Մուրադը խաղաղեցրեց մեզ. «Նվերը ուշացած չի լինում, այն երբ էլ հասնի նվեր է, մանավանդ նման նվեր, որ Աստծունն է և Աստծուց է գալիս, Աստծուց եկած նվերը կյանք է. մենք միայն շնորհակալ ենք նման գեղեցիկ նվերի համար, որ պետք է համբուրելով ընդունել, մենք այսպես ենք սովորել». Մուրադը գիրքը համբուրելով դրեց իր ճակատին...

Մինչև հանդիպման գնալը ուզեցի այցելել գրադարան ու տեսնել տարբեր առիթներով ՀԱԸ նվիրած գրքերը դպրոցին: Սեղանին աչքիս ընկավ բացված բրայլյան մի գիրք, ստուգեցի՝ բրայլյան «Սիրաքի» գիրքն էր. գրադարանավարուհին՝ տիկին Անահիտը ասաց. «Երկար դասամիջոցին 6-րդ դասարանի աշակերտ՝ Գոռ Համբարձումյանը ամեն օր գալիս ու կարդում է, եթե սպասեք, հիմա կգա, արդեն երկար դասամիջոցն է»: Գոռը չուշացավ, աստիճանները հաշվելով իջավ դահլիճ, նստեց ու սկսեց կարդալ, հասել էր գրքի 11-րդ գլխին, որ այսպես է վերնագրված ՝ «Չդատել ըստ տեսքի»: Գոռը, որ գնում է երգի, դաշնամուրի, կիթառի և ջութակի ամիսը հինգ հատոր գիրք է կարդում վնազագույնը, իսկ երեկոները իրեն համար քույրն է կարդում. «Աստվածաշունչը ինձ համար, - ասում է Գոռը,- ամենահետաքրքիր գիրքն է, որովհետև նախ, ես հավատում եմ Աստծուն, երկրորդ, նման չէ այլ վեպասանական գրքերի. այստեղ ամեն ինչ ճշմարտորեն է նկարագրվում ու ասվում: Աստվածաշնչի բոլոր գրքերն էլ հավասարապես եմ սիրում, այնուամենայնիվ ամենաշատը սիրում եմ Նոյի պատմությունը, որովհետև Նոյը շատ լավ մարդ էր, գուցե գործեր է մեղքեր, բայց նա լսեց Աստծուն: Բոլոր մարդկանց մեջ էլ բարություն կա, բայց չեն գործածում: Վերջերս, սկսեցի «Սիրաք»ը կարդալ, շատ իրական է այս գիրքը, որ մարդկանց կյանքն ու մարդկային հարաբերություններն է նկարագրում»: Այնուհետև ընթերցում է մի համար ու ինձ բացատրում . «Տեսեք ինչքան գեղեցիկ են այս տողերը ՛՛Մարդուն մի՛ գովիր իր գեղեցկության համար և մի՛ արհամարհիր իր խեղճ տեսքի համար՛՛»... Ես լռել էի և ուշադիր լսում: Շարունակում է. «Կապ չունի մարդու արտաքինը՝ կարող է նա լինել տգեղ, աղքատ, սրանք ոչ մի բան չեն նշանակում. Կարևորը նրա ներքին գեղեցկությունն է, բարի լինելը, ընկերասեր լինելը, լավ մարդ լինելը, որովհետև լավ մարդը ամեն ինչի էլ կհասնի»: Ստիպված էինք մեր հետաքրքիր զրույցը ընդհատել, որովհետև մեզ կանչում էին դասարան, ուր հավաքվել էին թվով տասներեք աշակերտներ, ստանալու իրենց նվերները... Աննկարագրելի էր գրքերը ստանալու պահը. Արեգը, Հովհաննեսը, Սամվելը, Մելինեն և մյուսները շտապելով սկսեցին շոշափել գրքերը ու բարձրաձայն գոչել. «Օօ՜՜, երկու գիրք, երկու հատոր». իսկ աննկարագրելի էր Մարիամի շնորհակալական ճիչը, գրքերը ստանալիս:

Առցանց հարցում:

Կապվեք մեզ հետ:

Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509

Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
     (+374 99) 408318 կամ +374(91) 405930

info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն