The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2015 Մար 25, Չորեքշաբթի

Ամեն այցելու ինչ-որ տեղ մի անջնջելի բան է թողնում, որ երկար ժամանակ հոգուդ, մտքիդ մեջ դրոշմվում է այնպես, որ զուգակցվում է տվյալ անձի անվանը և ոգուն:
Մարտի 17-20-ը Հայաստանում էր Հայաստանի աստվածաշնչային ընկերության (ՀԱԸ) բարեկամ Դանիայի աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչ (ԴԱԸ) Սուննե Գարֆը՝ Ցեղասպանության 100-ամյակի առիթով իր հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին և մասնակցելու ընկերության մի շարք ծրագրերի: Բնականաբար առաջին առավոտը հատկացվեց հուշահամալիր այցելությանը: Այդ և հաջորդ օրերին եղան այցելություններ կույրերի վարժարան, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղեր, մանկատուն, կիրակնօրյա դպրոց, հանդիպումներ ցեղասպանությունից վերապրողների և սիրիահայ փախստականների հետ: Ամենուր մեր ժողովրդի զավակներն այս դանիացու մեջ տեսան Մարիա Յակոբսենի և Կարեն Եփփեի հետնորդին ու ժառանգին, ամենաազնիվ և ամենաջերմ երախտիքի զգացումներով համակված՝ նրան մոտեցան իբրև մեծ բարեկամի:
Ինձ համար ամենատպավորիչը Սուննեի լուափայլ ժպիտն էր. մի ժպիտ, վստահ եմ, որ անջնջելի պիտի մնա և թևածի սահմանամերձ գյուղերից մինչև մանկատուն, մինչև վերապրողներ: Ի՞նչ տեսան մարդիկ այդ ժպիտի մեջ... Գնդակոծված պատերին իր հպումը մատներով... շոյանք էր մարդկանց ցավատանջ հոգիներին: Սահմանին կանգնած իր քաջարի կեցվածքը, ժպիտին միաձույլ, զորակցության ոգի էր փոխանցում, անգամ զարմացնում: Մայրական ժպտացող գուրգուրանքը մանկատան երեխաներին... թովիչ սեր էր ճառագում (100 տարվա ժառանգված Մ. Յակոբսենների և Կ. Եփփեների խնամատար ոգին էր): Ժպիտով սիրավառ իր ձեռքսեղմումը և խոնարհումը ցեղասպանությունից վերապրած, մի ամբողջ ժամ լռած 102-ամյա Ահարոն պապիկին ժպիտ տվեց, ուժ տվեց խոսելու և ասելու. «Հայերը անբախտ ժողովուրդ են, բայց ոչ ոքից չեն վախենում»:

Նա դարձյալ իր լուսավոր ժպիտը միախառնեց սիրիահայ փախստական մայրերի, նահատակ զինվորի մոր արցունքներին և նրանց հիշեցրեց անմոռանալի Կ. Եփփեի մասին, որի անվան արձագանքը մոռացնել տվեց նրանց արդի ցավը, և գոտեպնդվեցին նրա hիշատակով... Բերդի Սբ. Հովհաննես եկեղեցում իր հոգևոր խոսքը՝ «Կորած ոչխարի առակը», ինչ-որ բան, ինչ-որ մեկին վերագտնելու ուրախության ժպիտով առլեցուն, ոչինչ չկորցնելու ուժն ու քաջությունն էր տալիս:

Այս ամենը՝ ամենապարզ ժպիտով, քրիստոնեական ժպիտով, որ կարող է դառնալ հրաշքի ուժ և աղբյուր: Մի պարզ ժպիտ, որի մեջ ինչքան էլ փորձում էր թաքցնել իր ամենանուրբ ու տարբեր զգացմունքները, այնուամենայնիվ, լույսի պես պարզ երևում էր տագնապ, ցավակցություն, զորակցություն, արցունք և ուրախություն: Այս ամենը տվեցին մի ոգի, մի սիրելի անուն և աստղաբույլ ժպիտ:

Ժպիտը այն ծաղիկն է, որ խորհրդանիշ է միայն սիրո. գուրգուրել է պետք:

Առցանց հարցում:

Կապվեք մեզ հետ:

Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509

Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
     (+374 99) 408318 կամ +374(91) 405930

info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն