The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2013 Հուլ 22, Երկուշաբթի

Սույն թվականի հուլիսի 22-ին լրանում է Հայաստանի Աստվածաշնչային ընկերության Գլխավոր Քարտուղար, Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի քահանայական ձեռնադրության 40 ամյակը:

Այս ուրախ առիթով Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը սրտանց շնորհավորում է Սրբազան հորը՝ մաղթելով քաջառողջություն և բեղուն գործունեություն:

ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը (ավազանի անունով Սամվել) ծնվել է 1955թ. հունվարի 19-ին, Թբիլիսիում: 1958թ. ընտանիքով փոխադրվել է Երևան:
1967 թ. ընդունվել և 1973 թ. ավարտել է Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանը:
1970 թ. պատրաստել է «Արձագանք» ուսանողական պատի թերթը,1970-1973 թթ. ճեմարանում ուսանելու տարիներին հրատարակել է «Տաթև» ուսանողական հանդեսը:
1973 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Սիոն արքեպիսկոպոս Մանուկյանի:
1973-1975 թթ. եղել է «Էջմիածին» ամսագրի պատասխանատու քարտուղար:
1975 թ. պաշտպանել է վարդապետական թեզ «Մովսես Երզնկացու գրական վաստակը» թեմայով և ստացել մասնավոր վարդապետական գավազան` ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:
1993 թ. պաշտպանել է ծայրագույն վարդապետական թեզ` «Հայ Եկեղեցու քրիստոսաբանությունը» թեմայով և ստացել ծայրագույն վարդապետական աստիճան` ձեռամբ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի:

1977-1981 թթ. ուսանել և ավարտել է Աթենքի Ազգային համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետը:
1979-89 թթ. հոգևոր ճեմարանում դասավանդել է Հայրաբանություն, Նոր Կտակարանի ներածություն և Հայ Եկեղեցու պատմություն առարկաները:
1980-1989 թթ. վարել է Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնը:
1983 թ. եղել է Հայ Առաքելական Եկեղեցու պատգամավոր` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 6-րդ գլխավոր վեհաժողովում (Վանկուվեր, Կանադա):
1984-1990 թթ. եղել է ԵՀԽ «Աստվածաբանական կրթության ծրագիր» հանձնաժողովի անդամ:
1985-1990 թթ. ղեկավարել է Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանության աշխատանքները (տպ. Մայր Աթոռ Ս. Էջմիածին 1994):
1987 թ. Աթենքի համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզ` «Հայ Եկեղեցու վերաբերմունքը սրբապատկերների նկատմամբ» թեմայով և ստացել աստվածաբանության դոկտորի աստիճան:
1990-1991 թթ. եղել է վերաբացված Հաղպատավանքի վանահայրը, հիմնել է ճեմարան` 23 ուսանողներով: Նա ակտիվ հովվական գործունեություն է ծավալել շրջակա բնակավայրերում: Կրոն է դասավանդել Ալավերդու միջնակարգ դպրոցներում: Հրատարակել է «Հաղպատավանքի օրացույցը» կրոնական ամսագիրը:
1991 թ. հուլիսի 25-ին նշանակվել է Հյուսիսային Կովկասի առաջնորդական փոխանորդ: 1991-1999 թթ. Հարավային Ռուսաստանում հիմնել է ավելի քան 20 ծխեր և կառուցել 14 եկեղեցի ու մատուռ: Հրատարակել է «Մեր Եկեղեցին» (Կրասնոդար) և «Խաչքար» (Պյատիգորսկ) ամսաթերթերը, աղոթագրքեր, օրացույցներ` սուրբերի վարքերով, և այլ կրոնական գրականություն:
1997 թ. հունվարի 13-ին երջանկահիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով նշանակվել է Հարավային Ռուսաստանի Հայոց նորաբաց թեմի առաջնորդ: 1997 թ. հուլիսի 15-ին Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել է եպիսկոպոս:
1999-2010 թթ. եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատուն:
2006-2010 թթ. եղել է Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի պատասխանատուն:
2000 -ից Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է:
2000-2010 թթ. եղել է Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահը:
2001-ից Անգլիկան-Հին Արևելյան և Կաթոլիկ-Հին Արևելյան Եկեղեցիների միջև երկխոսությունների միջազգային հանձնաժողովի անդամ է:
2001-2003 թթ. անդամ է եղել Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) 12-րդ գլխավոր ասամբլեայի ծիսական կոմիտեի:
2002-2005 թթ. կազմակերպել և ղեկավարել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի քահանայից պատրաստման դպրոցը:
2003թ. պատրաստել է Աստվածաշունչը ներկայացնող հեռուստատեսային հինգ հաղորդաշար:
2003 թ. Հայ Առաքելական Եկեղեցու պատգամավորն է եղել ԵԵԿ 12-րդ գլխավոր վեհաժողովում (Թրոնդհայմ, Նորվեգիա):
2003-2009 թթ. որպես Հայ Առաքելական եկեղեցու պատգամավոր եղել է ԵԵԿ կենտրոնական կոմիտեի անդամ:
2003 թ. նախաձեռնել է Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի անդամ եկեղեցիների հանրագիտական բառարանի պատրաստումը (անգլերեն լեզվով տպագրվել է Մայր Աթոռ. Ս. Էջմիածնում, 2003): 2003 թ-ից նախաձեռնել է «Աստվածաշնչի Գրքերի հայ մեկնությունների գրադարան» մատենաշարի հրատարակությունը և հանդիսանում է նրա գլխավոր խմբագիրը:

2004-2009 թթ. եղել է ԵԵԿ «Եկեղեցիները երկխոսության մեջ» հանձնաժողովի համանախագահը:
2013 թ. իբրև Հայ Առաքելական եկեղեցու պատգամավոր մասնակցել է ԵԵԿ 14-րդ ասամբլեյաին Բուդապեշտում:
2004 -ից ԱՊՀ Միջկրոնական խորհրդի գործադիր կոմիտեի անդամ է:
2010 թ մինչ այսօր Հայաստանի Աստվածաշնչային ընկերության Գլխավոր Քարտուղարն է:
2012 թ. նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ:

Շուրջ մեկ տասնյակ զեկույցներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում (Ս. Էջմիածին, Երևան, Հռոմ, Միլան, Ֆրիբուրգ, Ժնև, Օտմարինգ, Պրագա և այլն):
Հրատարակել է շուրջ 20 գիրք` հայերեն, ռուսերեն, հունարեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև մի քանի տասնյակ գիտական և հրապարակախոսական հոդվածներ:
Սրբազան հոր եկեղեցական, միջեկեղեցական և գիտական գործունեությանը կանդրադառնանք առանձին բաժիններով հետագա շաբաթների ընթացքում:

 

Առցանց հարցում:

Կապվեք մեզ հետ:

Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509

Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
     (+374 99) 408318 կամ +374(91) 405930

info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն