The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2013 Հուլ 03, Չորեքշաբթի

Հուլիսի 3-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում սկսվեց Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի 14-րդ համագումարը, որի ընթացքում քննարկվելու են Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի վերակազմավորման նպատակով ստեղծված «Ուփսալայի» փաստաթուղթը, կկատարվեն փոփոխություններ կոնֆերանսի սահմանադրության և կանոնադրությունների մեջ, կընտրվի կառույցի ապագա ղեկավար մարմինը և առաջիկա տարիների համար կորոշվեն կոնֆերանսի գործունեության գերակա ուղղությունները:

Համագումարին Հայ Առաքելական Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցում է հինգ հոգիանոց պատվիրակությամբ, որի կազմում են Տավուշի թեմի առաջնորդ, Հայաստանյան Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Արթիկի թեմի առաջնորդ, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Հարավային Ֆրանսիայի առաջնորդական փոխանորդ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Միլանի և Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը, Թեսաղոնիկեի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի դոկտորանտ, պատմական գիտությունների թեկնածու Մարիաննա Ապրեսյանը:

Հուլիս 3-ին, Բուդապեշտի Ռեֆորմական եկեղեցում տեղի ունեցավ համագումարի բացման արարողությունը: Բացման աղոթքին հետևեց համագումարի պլենար նիստը, որի ընթացքում Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի ուղերձը համագումարի առիթով: Հայրապետական ուղերձում մասնավորապես ասված է։

Մեր ժողովրդի իղձերն ու ցանկությունները չեն տարբերվում աշխարհի բոլոր խաղաղասեր ժողովուրդների ցանկություններից և նպատակներից: Մենք կարիք ունենք այնպիսի աշխարհի, որտեղ չկան պատերազմներ, մարդկային տառապանք, անարդարություն, մարդու իրավունքների ոտնահարում, բնության չարաշահում, սոցիալ-տնտեսական ճգնաժամեր: Մենք կարիք ունենք աշխարհի, որտեղ քաղաքականությունն առաջնորդվում է արդարության ու ճշմարտության սկզբունքներով և ոչ աշխարհաքաղաքական նեղ շահերի և նյութական հետաքրքրությունների առաջնայնությամբ:

Հուլիս 8-ին իր աշխատանքներն ավարտեց Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) 14-րդ համագումարը: Համագումարն ընտրեց Եվրոապական Եկեղեցիների Կոնֆերանսի ղեկավար մարմինը, որի կազմում որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ ընտրվեց Տավուշի թեմի առաջնորդ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

 

Առցանց հարցում:

Կապվեք մեզ հետ:

Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509

Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
     (+374 99) 408318 կամ +374(91) 405930

info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն