Գլխավոր | Բլոգ | Լրահոս | Աստվածաշնչային մրցույթ Թումանյանի տարածաշրջանում
2012 Հուլ 26, ՀինգշաբթիԿիրակին՝ հուլիսի 22-ը, և երեքշաբթին՝ հուլիսի 24-ը, ոգեշնչող օրեր եղան Թումանյանի տարածաշրջանի թվով 24 դպրոցների աշակերտների, ուսուցիչների և ծնողների համար։ Ալավերդի քաղաքի World Vision Armenia կենտրոնական գրասենյակում անցկացվեցին Աստվածաշնչական մրցույթներ։ Կիրակի օրվա մրցույթին մասնակցեցին 13, իսկ երեքշաբթի՝ 11 դպրոցներ։ Սույն միջոցառումներին ներկա էին տարածաշրջանի հոգևոր հովիվները՝ Տեր Միքայել քհն. Շաղոյանն ու Տեր Վրթանես քհն. Բաղալյանը, ուսուցիչներ, ինչպես նաև Դսեղի և Թեղուտի դպրոցների տնօրենները, որոնք անձամբ էին եկել հետևելու իրենց սաների ելույթներին։ Ամառային արձակուրդի այս մեկուկես ամիսը աշակերտները հիանալի կերպով հատկացրել էին աստվածաշնչական գիտելիքների յուրացմանը. սույն աշխատանքները բծախնդրորեն համակարգեց ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողուհի Օլյա Մուսինյանը։
Մինչև միջոցառումը սկսելը մեծ պաստառի վրա տեղադրվել էր «Մերի Ջոնսի Աստվածաշունչը» հոգեթով պատմությունը։ Մասնակիցները մեծ ուշադրությամբ և ուրախությամբ էին ծանոթանում փոքրիկ աղջնակի կենսագրության այս հրաշագործ դրվագին։
Տերունական աղոթքից հետո բացման խոսքով հանդես եկավ ՀԱԸ ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուճյանը, որը ՀԱԸ ԳՔ Եզնիկ արք. Պետրոսյանի անունից ողջունեց բոլորի ներկայությունը, գնահատեց նրանց պատրաստակամությունն ու աշխատանքը, շնորհակալություն հայտնեց քահանա հայրերին, դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին և World Vision կազմակերպությանը։ Իր խոսքը աշակերտներին ուղղելով` նա ասաց. «Ուրախ եմ բոլորիդ աստվածաշնչական գիտելիքների ձեռքբերման համար, բայց Աստվածաշունչը գիտելիքների գիրք չէ միայն, այլև հավատի, որի սկզբունքները կյանքի պետք է վերածեք և պատասխանատվության հիմք դարձնեք։ Հաստատ իմացեք, որ այսօր, ինչպես ընդմիշտ, հաղթանակողը Աստծո խոսքի ճշմարտությունն է լինելու»։
Մրցույթը վարում էր ՀԱԸ-ից Շուշանիկ Կարապետյանը, որի կողմից ընթացակարգի բացատրություններից հետո վիճակաձգությամբ արդեն «խաղն» սկսվեց։ Աշակերտները որքան էլ լարված էին, այնուամենայնիվ, տիրապետելով իրենց զգացմունքներին՝ կարողացան իսկական մրցակցային մթնոլորտ ստեղծել։ Սկզբից անհնար էր պատկերացնել հաղթանակողների անունները, որովհետև պայքարն ընթանում էր հավասարների միջև և ակնառու էին աշակերտների իմացության բարձր աստիճանն ու աչալրջությունը, հաղթանակի հասնելու տենչը։
Մրցույթներից յուրաքանչյուրը տևեց 3-4 ժամ։ Թեժ մրցապայքարի ավարտին հայտնի դարձան հաղթանակող խմբերը՝ Շամլուղի, Օձունի, Ալավերդու թիվ 4 և 12 դպրոցները, որոնք իրավունք վաստակեցին մասնակցելու մրցույթի մարզային փուլին։
Միջոցառման ավարտին իրենց խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեններ և ուսուցիչներ, որոնք իրենց շնորհակալությունը հայտնելուց բացի շեշտեցին նման միջոցառումների կարևորությունը Աստվածաշնչի տարածման և հավատի ամրապնդման գործում։
Երկօրյա այս միջոցառումը եզրափակվեց Տեր Միքայելի խոսքով: Իր հատուկ շնորհակալությունը հայտնելով բոլոր մասնակիցներին՝ նա ասաց. «Այս եկու օրերը անջնջելի են մնալու մեր հիշողության մեջ. սա մրցույթ չէր, այլ ավետարանական պատգամի իրականությունն էր։ Այս օրերը տոնական էին բոլորիս համար։ Մենք մի բան հաստատ պետք է իմանանք, որ Սբ. Գիրքը միայն սերտողության գիրք չէ, այլև ապրելու գիրք։ Հույս ունենք, որ Սերմնացանի առակի պատգամի օրինակով պարարտ հողի մեջ ընկած սերմեր կլինեք։ Այսօր հաստատ կարող եմ ասել, որ շահեցինք բոլորս»։
Երկու տարատեսակ զգացմունքներ էին լցրել աշակերտների հոգիները։ Բնական է, որ մրցույթից դուրս մնացած մասնակիցների ալեկոծ սրտերն այնքան պարզ երևում էին նրանց թաց աչքերում։ Քաջալերական խոսք ուղղելու համար խմբից խումբ էին գնում քահանա հայրերն ու ՀԱԸ աշխատակիցները։
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ