Գլխավոր | Բլոգ | Լրահոս | Հարցազրույց Ինգրիդ Ֆելբեր-Բիշոֆի հետ. մաս առաջին
2012 Հուլ 26, ՀինգշաբթիԻնգրիդ Ֆելբեր-Բիշոֆը Միացյալ աստվածաշնչային ընկերությունների (ՄԱԸ)՝ աչազուրկներին ուղղված ծրագրերի համակարգողն է: Այս ազնիվ գերմանուհու կյանքը վերջին քսանամյակին նվիրվել է աչազուրկ հասարակությանը: ՀԱԸ ջանքերի միջոցով Հայաստանում ապրող մեր աչազուրկ քույրերն ու եղբայրները հնարավորություն ունեցան ձեռք բերելու թվով 4 աստվածաշնչական գիրք` մոտիկից հաղորդակցվելու Աստծո խոսքի հետ: Այս կարևոր ծրագրի իրականացման գործընթացում շատ մեծ է Ինգրիդի աջակցությունը: ՀԱԸ ծրագրերի տնօրեն Ա. Գաբուճյանը հարցազրույց է անցկացրել նրա հետ: Այն ձեզ ենք ներկայացնում երկու առանձին մասերով:
ՀԱԸ. Սիրելի Ինգրիդ, Հայաստանի աստվածաշնչային ընկերության անունից խորին երախտագիտություն ենք հայտնում ընկերությանը ցուցաբերված աջակցության, «Աստծու լույսը կույրերին» ծրագրին մեծապես սատարելու համար։ Ձեր և Ձեր ընկերների ջանքերի շնորհիվ կարողացանք Աստվածաշունչը հասանելի դարձնել աչազուրկ հասարակությանը, հատկապես աշակերտներին։
Ինգրիդ Ֆելբեր-Բիշոֆ. Ուրախ եմ Ձեզ հետ հաղորդակցվելու, մասնավորապես վերջին տարիներին համատեղ ձեռքբերումների առիթով՝ մեկտեղելով Հայաստանում Բրայլյան ընթերցողների, ՀԱԸ և ՄԱԸ ջանքերն ու ներուժը։
ՀԱԸ. Ինչո՞վ են պայմանավորված աչազուրկ հասարակությանը միտված ծրագրի հանդեպ Ձեր նախանձախնդրությունն ու նվիրումը։
Ինգրիդ Ֆելբեր-Բիշոֆ. Պիտի խոստովանեմ, որ պարտավորությունը ստանձնելիս այնքան էլ չէի պատկերացնում, թե ինչ էր սպասվում ինձ։ Իմ հիմնական խնդիրն էր արդյունավետ ծրագրեր մշակել հատուկ լսարանի համար՝ գլոբալ համատեքստում։ Եվ ահա այդ նպատակաուղղումն ու մարդիկ, որոնց հանդիպեցի, մեծ ազդեցություն թողեցին ինձ վրա։
Ես ինքս վերջին տարիներին շատ բան եմ սովորել Բրայլյան համակարգի մասին, և այդ ընթացքը մշտապես կապված է եղել կույրերի հետ, ինչն էլ հուզել է ինձ։ Իմացել եմ աչազուրկ մարդկանց՝ հասարակությունից, նույնիսկ եկեղեցիներից օտարվելու և մեկուսանալու մասին, բացահայտել նրանց ուրույն հմտություններն ու կարողությունները, որոնք գերզանցում են իմ սեփականը, ճանաչել եմ կյանքում և հավատի մեջ նրանց ուղղված մարտահրավերները, պատկերացել՝ ե՛րբ, որտե՛ղ և ինչո՛ւ է նրանց ներգրավումն անհրաժեշտ և ի՛նչ նշանակություն ունի Աստվածաշնչային ընկերության գործունեության համար, գիտակցել եմ Ավետարանի ուրույն այժմեականությունը նրանց համար, ովքեր չեն տեսնում։ Այս ողջ գործընթացը դիպչում է թե՛ սրտիդ և թե՛ մտքիդ և աչազուրկ լսարանին սերտորեն կապում է աստվածաշնչյան պատգամին և առաքելությանը։ Շարունակում եմ աշխատել ծրագրերի արդյունավետության ուղղությամբ, իսկ առաջադրանքի ընդհանրականությունն ու նրանք, ում հետ հանդիպել և աշխատել եմ (ներառյալ թույլ տեսողություն ունեցողներն ու Աստվածաշնչային ընկերության աշխատակիցները), նախանձախնդրությունս ու նվիրումս ավելի են զորացրել։
ՀԱԸ. Ե՞րբ և որտե՞ղ է սկսվել Ձեր մասնակցությունը։
Ինգրիդ Ֆելբեր-Բիշոֆ. ՄԱԸ-ում աշխատում եմ 1993 թվականից։ Մինչ այդ աշխատում էի աշխարհիկ տպագրատանը՝ բացառապես տեսողություն ունեցողների համար։ Կույրերի համար հատուկ ծրագրերի ծառայության կենտրոնը Շտուտգարտում է (Գերմանիա)։ Գործունեությունը սկիզբ է առել այն ժամանակ, երբ ՄԱԸ համաշխարհային գրասենյակը Շտուտգարտում էր (1974-1989)։
ՀԱԸ. Ո՞րն է Ձեր գործունեության շրջանակը, և ինչպիսի՞ն է Ձեր ամենօրյա աշխատանքը։
Ինգրիդ Ֆելբեր-Բիշոֆ. Աստվածաշնչային ընկերությունների գործունեության մեջ ընդգրկել ծրագրեր՝ ուղղված կույրերին և թույլ տեսողություն ունեցողներին, ապահովել աշխատանքի համարժեքությունը համընդհանուր սոցիալական, քաղաքական սկզբունքներին ու պահանջներին, Աստվածաշնչային ընկերություններին խրախուսել կապեր հաստատելու աչազուրկ լսարանի հետ, անցկացնել ծրագրերը խթանող սեմինարներ, աջակցել, օժանդակել ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, անհրաժեշտ միջոցներ գտնել, անհրաժեշտ տեղեկություն տրամադրել հովանավորներին, կապեր հաստատել հովանավորների և ծրագրերն իրականացնողների միջև, համակարգել, ղեկավարել տպագրության աշխատանքները։ Սա փոքրիկ մասն է այն անելիքների, որոնք ամեն օր նորանոր փոփոխություններ, անակնկալներ ու հրամայականներ կարող են բերել։
ՀԱԸ. Ո՞ր երկրներին է ուղղված Ձեր ծառայությունը, և ի՞նչ ծրագրեր եք իրականացնում։
Ինգրիդ Ֆելբեր-Բիշոֆ. Մեր պարտավորությունները ՄԱԸ-ում գլոբալ բնույթ են կրում։ Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած Աստվածաշնչային ընկերությանը ցանկացած երկրում՝ մշակելու և իրականացնելու ծրագրեր աչազուրկ լսարանի համար։ Բնական է, որ այդ լսարանների մեծ մասը հիմնականում խիստ կարիքավոր տարածաշրջաններում է, օրինակ՝ Աֆրիկայում և Հնդկաստանում։
Ծրագրերում կարևոր է ընդգրկել սուրբգրային հնարավոր բոլոր ձևաչափերը՝ Բրայլյան, խոշորատառ՝ թույլ տեսղություն ունեցողների համար, աուդիո՝ նրանց համար, ովքեր չեն կարողանում կարդալ, նույնիսկ էլեկտրոնային տարբերակ, որը կույրերը կարող են օգտագործել համակարգչով՝ հարակից տեխնոլոգիայի միջոցով։ Օրինակ՝ Ուգանդայի, Ֆիլիպինների աստվածաշնչային ընկերություններն իրականացնում են համատեղ Բրայլյան, խոշորատառ տպագրություն, աուդիո Աստվածաշունչ ծրագրեր։
Առցանց հարցում:
Կապվեք մեզ հետ:
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509
Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
(+374 99) 408318 կամ +374(91) 405930
info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների անդամ