The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2012 Հուլ 26, Հինգշաբթի

ՀԱԸ. 2011 թ. Լիմայում (Պերու) խորապես տպավորվեցի՝ լսելով Ձեր սկզբունքներից մեկի մասին՝ «Բժշկությունը շոշափելով է»։ Սա ինձ հիշեցնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշագործությունները։ Կարո՞ղ եք ավելին պատմել Ձեր համոզման մասին։

Ինգրիդ Ֆելբեր-Բիշոֆ. Անձամբ ինձ վրա մեծ ազդեցություն է գործել սեմինարներից մեկի ժամանակ աֆրիկացի կույր երգիչ Ռուբեն Կիգամի խոսքն իր կյանքի, հավատի, Աստծուն ճանաչելու, իր կյանքում Աստվածաշնչի նշանակության մասին։ Երբ նրան հարցրինք, թե ո՛րն է սուրբգրային իր սիրելի հատվածը, նա նշեց Սաղմոս 22-ն ու 138-ը։ Ըստ երգչի՝ այդ սաղմոսները ամենայն խորությամբ և գեղեցկությամբ արտահայտում են կույր մարդու ապրումները։ Սեմինարի մասնակիցներից ոմանց հետաքրքրեց, թե ինչո՛ւ Հիսուսի՝ կույր մարդուն բժշկելու պատմությունը նրա հիշատակածների թվում չէ։ Ռուբենը ժպտաց մեզ՝ տեսողություն ունեցողներիս, և ասաց. «Անշուշտ, դա հրաշալի պատմություն է, որն ավարտվում է հրաշագործությամբ։ Մենք գիտենք, որ Աստված կարող է հրաշքներ գործել։ Բայց այս պատմության (Մարկոս 8.22-26) մեջ ամենակարևորն ինձ համար հենց հրաշքը չէ, այլ նախորդող գործողությունը, երբ Հիսուսը մոտենում է կույր մարդուն, բռնում նրա ձեռքից և գյուղից դուրս տանում։
Հիսուսը մոտենում է կույր մարդուն և դիպչո՜ւմ է նրան։ Իսկ այսօր ո՞վ կդիպչի կույր մարդուն, այն էլ Աֆրիկայում։ Մարդիկ վախենում են մեզ մոտենալուց, որովհետև կույր լինելը նզովք է համարվում, կույրին մոտենալը՝ անարգալից։ Այսօր սա է մեր իրականությունը։ Իսկ Հիսուսը դիպավ կույր մարդուն. բժշկումը հենց այդտեղից է սկսվում»։
Նրան լսողներս սկսեցինք սուրբգրային պատմությանն այլ կերպ նայել: Մեր խոհերի առանցքում ոչ թե հրաշքն էր, այլ թե ինչպե՛ս սիրո դրսևորմամբ, մարդուն մոտենալով ու նրան դիպչելով սկսվեց այդ բժշկության հրաշքը: Հասկացանք, թե մենք՝ տեսողություն ունեցողներս, ԱԸ աշխատակիցներս ի՛նչ կարող ենք անել աչազուրկներին ձեռք մեկնելու միջոցով: Հիսուսի հետքերով գնալը կփոխակերպի յուրաքանչյուրիս կյանքը:ՀԱԸ. Մեկ բառով՝ ի՞նչ զգացում է լցնում Ձեր կյանքը։

Ինգրիդ Ֆելբեր-Բիշոֆ. Երախտագիտությունը։

Երախտագիտություն բոլոր այն պահերի համար, երբ տեսնում եմ Աստծու սերը մեզանից յուրաքանչյուրի հանդեպ, երբ զգում եմ Սուրբ Հոգու ներկայությունը, որոնք վերափոխում են մեր տեսանելի աշխարհը, մեզ պարգևում են շնորհներ և մեզ ի զորու դարձնում՝ միմյանց համար օրհնություն լինելու։ ՀԱԸ. Ո՞րն է Ձեր ծառայության ձեռքբերումը:

Ինգրիդ Ֆելբեր-Բիշոֆ. Մեծ ձեռքբերում է տեսնել մեր հանձնառության ազդեցությունն ու արգասիքը. օգնել որևէ Աստվածաշնչային ընկերության՝ ձեռնարկելու մի ծրագիր, որը նախկինում չի իրագործվել, տեսնել, որ ծրագրում ներգրավված են մարդիկ, որոնց Աստծու Խոսքը երբևէ հասանելի չի եղել, որոնք ընդգրկված չեն եղել Սուրբ Գիրքն ընթերցողների համայնքում, լսել, որ ինչ-որ մեկը որոշել է իմանալ Բրայլյան գրանշանային համակարգը, որովհետև տեղեկացել է նոր տպագրված Բրայլյան առաջին Ավետարանի մասին. այս ամենը միշտ էլ դիպչում է սրտիդ: Մեկ այլ ձեռբերում է ծանոթությունը տարբեր մշակույթների բազմաթիվ ներկայացուցիչների հետ, որն ուղեկցվում է նրանց ներդրածի մեկտեղումով և այլ ընկերություններին փոխանցելով:

Աշխատանքի ընթացքում հաստատվող գործնական ու բարեկամական կապերն ավելին են, քան ձեռբերումը. դրանք իսկական շնորհ են:
Այն, որ Աստծո խոսքն այսօր այլ կերպ և առավել խորությամբ եմ հասկանում, անգնահատելի ձեռբերում է, որն իմ ամբողջ կյանքն ու ներաշխարհը հարստացնում է ոչ միայն աշխատանքային ժամերին:

Իբրև վերջաբան՝ ասեմ, որ Հայաստանի համար մեր համատեղ աշխատանքի արգասիք են այն բոլոր ձեռբերումները, որոնք նշեցի:

Առցանց հարցում:

Կապվեք մեզ հետ:

Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509

Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
     (+374 99) 408318 կամ +374(91) 405930

info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն