The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2012 Հուն 25, Երկուշաբթի

Մովսես գյուղ

Սահմանամերձ այս գյուղը, որտեղ իրականացվել է «Քայլող Ավետարան» ծրագիրը, ՀԱԸ ուշադրության կենտրոնում է եղել: Հարգարժան հյուրերը ևս ցանկություն հայտնեցին մասնակցելու ծրագրին, մոտիկից ծանոթանալու գյուղաբնակչությանը հուզող հարցերին: Երկուշաբթի վաղ առավոտյան ՀԱԸ ծրագրերի տնօրենի ուղեկցությամբ պատվիրակությունը ճանապարհ ընկավ դեպի Մովսես: Հյուրերի համար հեշտ չէր հինգ ժամ տևող այս ճանապարհը, բայց տարածաշրջանի հովվի՝ Տեր Արամ քհն. Միրզոյանի հետ հանդիպման առաջին իսկ րոպեն մոռացնել տվեց ամեն հոգնածություն. անգամ չէին մտածում, որ դեպի Մովսես տանող ճանապարհը խրամատների միջով էր անցնում: Հիասքանչ էր գյուղը՝ իր նորակառույց եկեղեցու հովանու ներքո, բայց առավել սքանչելի էր ազգաբնակչության համախումբ ներկայությունը եկեղեցում: Ամեն տարիքի մարդ այնտեղ էր գյուղապետի գլխավորությամբ: Հյուրերին ներկայացրեց Ֆրանսիայի Աստվածաշնչային ընկերության ԳՔ Վեր. Ռենե Լևոնյանը:

Տերունական աղոթքը սկիզբն էր այս անմոռանալի հանդիպման: Տեր Արամը հյուրերին ներկայացրեց գյուղի պատմությունն ու եկեղեցու վերակառուցման հուզիչ պատմությունը, գյուղում մեկնարկած կրոնական ու հոգևոր կյանքը և իր շնորհակալությունը հայտնեց ՀԱԸ-ին հատկապես նրա իրականացրած «Քայլող Ավետարան» ծրագրի համար՝ հաստատելով. «Քայլող Ավետարանը հատուկ դպրոց է մեզ համար, որին մենք շատ ենք պարտական մեր հոգևոր կյանքի զարգացման առիթով: Այս ծրագրի ավարտը ծանր էր մեզ համար. մենք չէինք ուզում, որ այն ավարտվի: Բայց մի բան պարզ դարձավ մեզ համար. նման ծրագիրը պետք է ամեն գնով շարունակել: Եվ դիմեցինք համարձակ քայլի. իբրև այս ծրագրի շարունակություն՝ գյուղում սկսեց գործել կիրակնօրյա դպրոց, և հիմնվեց երիտասարդական կառույց: Սա մեր երեխաների պահանջն էր, և նորից սովորեցինք, որ երբ մարդ բարին է ցանկանում, Աստված այն կտա»: Իրոք համարձակ քայլ էր, մանավանդ երբ բացակայում է ֆինանսական օժանդակությունը: Բայց Տեր Արամի վկայությամբ՝ այս դժվարության դիմաց մի խումբ մարդկանց կամքն էր՝ դպրոցի ուսուցչուհի Ջավահիր Բադալյանի ղեկավարությամբ: Այսօր արդեն այս նախաձեռնության շուրջ համախմբվել են շուրջ 90 երեխաներ:

Ականաջալուր և ականատես լինելով այս բոլորին՝ հյուրերն իրենց գնահատանքը հայտնեցին Տեր Արամին և նրա շուրջ համախմբված բնակչությանն ու կամավորներին: «Չէինք պատկերացնում, որ նման պատկերի ականատես կլինենք,- հուզված ձայնով արտահայտվեց Էվա Թոմին,- սա իրոք գեղեցիկ պատկեր է և վկայում է ձեր նվիրվածության մասին»: Իրենց սրտի խոսքը հայտնեցին Նելլի Սաֆարին և Բելգիայի ԳՔ Ժերմեն Մահյուն: Վերջինս անձնապես քաջալերված զգաց այս այցի կապակցույամբ և ասաց. «Այն, ինչին ականատես եղա այսօր, ուղղակի հրաշալի է բոլորիս համար: Շատերը չեն ուզում լսել Աստծո խոսքը, ինչքան էլ քարոզվի նրանց: Ես այսօր ուրախ եմ ձեզ համար, որ այսպես պատրաստ եք Աստծո խոսքի համար: Դուք մեզ համար քաջալերություն դարձաք»:

Հանդիպման համար նախատեսված ժամը վաղուց էր անցել, բայց հյուրերը եկեղեցուց դուրս՝ դպրոցի բակում, գյուղապետարանի առջև և փողոցում գտել էին զրուցակիցներ և մոռացել վերադարձի ճանապարհը…

Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչների այցը Երևանի #14 դպրոց

Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչներ Էվա Թոմին և Կարլ Կլիմմեկը մասնակցեցին ՀԱԸ իրականացրած մեկ այլ ծրագրի ևս: ՀԱԸ ծրագրերի տնօրենի հետ այցելեցին Երևանի տեսողության խանգարում ունեցող երեխաների #14 դպրոց: Չնայած աշակերտներն ամառային արձակուրդում էին, այնուամենայնիվ, հյուրերի համար հնարավոր եղավ ծանոթանալ կատարվող աշխատանքին, նաև հանդիպել տարբեր դասարանների աշակերտների, որոնք հանրապետության տարբեր մարզերից էին եկել իրենց ծնողների հետ: Պարզ ու ջերմիկ մթնոլորտում աշակերտներն ասմունքեցին, երգեցին և Բրայլյան Ղուկասի Ավետարանից որոշ հատվածներ կարդացին նրանց համար: Վեց տարեկան Արսենը հետաքրքրվեց հյուրերով, հարցրեց նրանց անունները և իր երախտագիտությունը հայտնեց՝ նրանց համար երգելով և ասմունքելով: Դպրոցի փոխտնօրենը՝ տիկին Թամարա Գևորգանը, մեծ գնահատանքով խոսեց դպրոցի և ՀԱԸ երկար տարիների համագործակցության մասին՝ հույս հայտնելով, որ գործընթացը կշարունակվի: Հյուրերը մտերմիկ զրույց ունեցան թե՛ աշակերտների և թե՛ նրանց ծնողների հետ:

Ամենամեծ ուրախությունն այն է, երբ աչազուրկ երեխաների դեմքին պատկերվում է ամենաքաղցր ու պարզ ժպիտը, որն իսկապես նրանց հոգուց է գալիս:

Առցանց հարցում:

Կապվեք մեզ հետ:

Մեր հասցեները՝
Գրասենյակ`
Զաքիյան 6/26, Երևան 0015 ՀՀ
(+374 10) 585509

Գրախանութ՝
Տերյան 62, Երևան 0009 ՀՀ
(+374 10) 566162
     (+374 99) 408318 կամ +374(91) 405930

info@biblesociety.am
ընդհ. տեղեկությունների համար
customerservice@biblesociety.am
գնումների համար

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն