The Bible
Society of Armenia

Հայաստանի
Աստվածաշնչային Ընկերություն

2018 Դեկ 20, Հինգշաբթի

2018թ. նոյեմբեր 13-դեկտեմբեր 6 ՀԱԸ կողմից կազմակերպուած «Աստվածաշնչի աշխարհը» սեմինարի հանդիսավոր եզրափակումը տեղի ունեցավ Սբ Հռիփսիմե վանքում: Սեմինարի մասնակից ուսուցիչները առավոտյան մասնակցեցին Սբ Պատարագին և ստացան Սբ Հաղորդություն:

Պատարագից հետո ուսուցիչները ճաշի հյուրերը եղան Հայաստանի Աստվածաշնչային ընկերեւթյան վանքի սեղանատան մեջ, որ իսկապես կարելի էր անվանել «Սիրո ճաշ»: Ճաշից առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԸ ԳՔ Եզնիկ արք. Պետրոսյանը, որ ամփոփեց սեմինարի արդյունքները, և իր գոհունակությունը հայտնեց ուսուցիչների մասնակցության և նրանց ցուցաբերած լրջության համար: Իր խոսքում մասնավորաբար նշեց. «Հայրենասիրությունը հիմնված պետք է լինի քրիստոնեական արժեքների վրա. Հայրենիքը միայն տեղանք չէ, տարածք չէ, այլ նրա համալիր արժեքը կայանում է աստվածաշնչական արժեքների վրա, Սբ Գրքի ամենալուրջ ուսուցմամբ և գիտելիքների ձեռքբերումով, այս իսկ պատճառով էր, որ մենք կազմակերպեցինք սույն սեմինարը, ձեզ առավել զինելու ձեր մանկավարժական առաքելության մեջ»: Սրբազանը իր շնորհակալությունը հայտնեց Երևանի քաղաքապետարանի Հանրակրթական վարչության պետ՝ Տիկին Աննա Ստեփանյանին և ՔԴԿ տնօրեն՝ Վարդան եպս. Նավասարդյանին, և մասնակից դասախոսներին այս սեմինարին նրանց ցուցաբերած համագործակցության և աջակցության համար:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՔԴԿ նորանշանակ տնօրեն՝ Զաքարիա Ծ. Վարդապետ Բաղումյանը, որ խոստացավ լավագույնս աջակցել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչներին և իր գործունեության ընթացքում համագործակցել ՀԱԸ-ի հետ, մի համագործակցություն, որ իր լավագույն արդյունքներն է տվել անցած տարիներին, Աստվածաշնչի տարածման և ուսուցիչների վերապատրաստության գործում:

Այս խոսքերից հետո մասնակից յուրաքանչյուր ուսուցչի հանձնվեց Մասնակցության վկայական: Սեղանի օրհնությունից հետո, ջերմիկ մթնոլորտում ներկաները վայելեցին սիրո ճաշը: